«Այս տարի հիմնական դպրոցը կավարտի շուրջ 35.300 սովորող, իսկ 12-րդ դասարանը` 19.900 շրջանավարտ»,-հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:
Նրա ախոսքով՝ ուսումնական պլանով վերջին դասը կանցկացվի մայիսի 26–ին` հնգօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում և մայիսի 27–ին` վեցօրյա աշխատանքային ռեժիմի դեպքում:
«Վերջին դասը պետք է դիտարկել որպես ուսումնական գործընթացն ամփոփող, այլ ոչ թե շատ ավելի ծավալուն միջոցառում: Դպրոցներում բոլոր գործընթացները պետք է կազմակերպվեն այնպես, որպեսզի սովորողների, ծնողների և ուսուցիչների համար լրացուցիչ հոգսեր և ծանրաբեռնվածություն չառաջանա»,–ասաց նա:
Անդրադառնալով ավարտական և միասնական քննություններին, փոխնախարարը նշեց, որ միասնական քննությունների ժամանակացույցն արդեն իսկ հրապարակված է ԿԳՄՍ կայքում, և դրան համապատասխան բոլոր աշխատանքները կկազմակերպվեն:
«2023-2024 ուստարում 1-ին դասարան են հաճախելու շուրջ 39.500 սովորող: Հունիսի 12-ից հայտագրումը բաց կլինի բոլոր այն քաղաքացիների համար, որոնք ունեն որոշակի առավելություններ, հունիսի 27-ից հայտագրումը կիրականացվի ընդհանուր հիմունքներով հայերենով ուսուցում իրականացնող դպրոցների, իսկ հուլիսի 4-ից օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների համար»,- ասաց Արաքսիա Սվաջյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը